«Կամուրջ» հանրային սննդի ծառայություն

«Կամուրջ» հանրային սննդի ծառայության կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.-ին: Կազմակերպության հիմնադրիր Հակոբ Սաֆարյանը ի սկզբանե նպատակ ուներ ստեղծել մի վայր, որտեղ ոտք դրած յուրաքանչյուր այցելու կվայելի հայկական խոհանոցի անկրկնելի համն ու կզգա հյուրընկալ հայի օջախին հատուկ ջերմ շունչը։

Յուրահատուկ համով ու բազմազանությամբ աչքի ընկնող կերակրացանկի շնորհիվ «Կամուրջ»-ը արագ մուտք գործեց սպառման շուկա, և այժմ իր հաստատուն տեղն ունի թե ավանդական, և թե մոդեռն խոհանոցով ներկայացող ռեստորանների և հանրային սննդի այլ օբյեկտների շարքում: Ծառայության կերակրացանկը անընդհատ թարմացվում է հայկական ավանդական բաղադրատոմսերով` հաճախորդներին հրամցնելով հայկական ավանդական խոհանոցի համային անկրկնելի գաղտնիքները:

«Կամուրջ» հանրային սննդի ծառայության բազմատեսակ կերակրացանկը իր հաճախորդներին է ներկայացնում հայկական խորովածի ու քաբաբի հարուստ տեսականի, ձկնեղեն (հայկական անմահական իշխան և ստերլեց): Հին հայկական խոհանոցի սիրահարներին «Կամուրջ»-ն առաջարկում է ավանդական ճաշատեսակների լավագույն շարք ( գառան և հորթի խաշլամա, խաշ, սպաս, հարիսա, գառով շիլա, փիթի, բորշ, կոլոլակով ապուր, սնկապուր, փունջ տոլմա և այլն), իսկ դիետիկ սնունդ նախընտրող հաճախորդները լայն հնարավորություն ունեն օգտվելու դիետիկ ուտեստների ու բազմատեսակ աղցանների հարուստ ընտրանուց:

«Կամուրջ»-ը հայտնի է նաև բացառիկ համեղ իր լահմաջոյով, յուրահատուկ համով առանձնացող խինկալիով ու պելմենիով, ինչպես նաև բազմատեսակ կոտլետներով:

«Կամուրջ»ի առաջարկած ծառայությունների յուրահատկություններից թերևս ամենահիմնականն այն է, որ ամբողջ մսամթերքը վերամշակվում և տեսակավորվում է հենց սեփական վերամշակման արտադրամասում, իսկ լավաշն ու հացը թխվում է սեփական փռում` մշտապես լինելով թարմ ու ախորժելի: Իսկ սեփական արտադրության տնական մածնաբրդոշը, թանն ու տոմատի հյութը արդեն հասցրել են գրավել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդների ուշադրությունն ու հասնել նախապատվության:

Բացառապես տեղական որակյալ հումքից և էկոլոգիապես մաքուր մթերքներից պատրաստված իր համեղ կերակրացանկի ու անձնակազմի բարձրակարգ սպասարկման շնորհիվ «Կամուրջ»-ն այժմ հայտնի է ոչ միայն Երևան քաղաքում, այլ նաև հանրապետության այլ վայրերում:

Գործունեության ընթացքում «Կամուրջ»-ը հասցրել է հասնել բազմաթիվ հաջողությունների, ձեռք բերել մեծ փորձ ու բաղադրատոմսեր: Խոհարարական արվեստի ամենօրյա կատարելագործման արդյունքում ի հայտ եկած մի շարք հեղինակային ուտեստներ այսօր գլխավորում են կազմակերպության կերակրացանկը. «Կամուրջ»-ի հայտնի «Պարազիտ»-ը, «Փունջ տոլման» արագ գրավեցին էքսպերիմենտալ ուտեստների սիրահարների ուշադրությունը` դառնալով նրանցից շատերի սիրելի ուտեստները:

Խոհարարական և սպասարկման ոլորտում գրանցած անվիճելի նվաճումների շնորհիվ «Կամուրջ»-ն արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, մշտապես մասնակցել և մասնակցում է Հայաստանում «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող բոլոր մրցույթներին ու փառատոններին («Խորովածի համահայկական փառատոն», «Տոլմայի համահայկական փառատոն», «Հացը լեռներում» տոնածիսական կերակրատեսակների ամենամյա ցուցահանդես – փառատոն)` արժանանալով տարբեր անվանակարգերի բազմաթիվ պատվոգրերի, շնորհակալագրերի և պատվավոր գավաթների:

Թեև բազում պատվոգրերն ու որակի սերտիֆիկատները անխոս փաստում են «Կամուրջ» -ի արտադրանքի ու ծառայության առաջնակարգ որակն ու դիրքը սպառման շուկայում, այնուամենայնիվ կազմակերպության արտադրանքի առաջնային գնահատողները եղել և մնում են նրա հավատարիմ ու պահանջկոտ հաճախորդները։

Իհարկե, խոհարարական արվեստում համեղ կերակուր ստանալու համար կարևոր է բաղադրատոմսի ճիշտ պահպանումը, բայց կա նաև մի այլ կարևոր հանգամանք, դա յուրաքանչյուր կերակրի պատրաստման հիմքում սիրո ներդրումն է: Թերևս հենց սիրով ու որակով պատրաստելու ու նույն կերպ սպասարկելու հանգամանքն է «Կամուրջ»-ի ողջ տեսականին առանձնացնում բոլոր այլ հանրային սնունդ առաջարկողների շարքից` կազմակերպության համար հաստատուն դիրք ապահովելով ավանդական խոհարարության և հանրային սննդի ծառայության ոլորտում: